Բայղուշություն են անում ՀՀ-ն Ռուսաստանի մի «տեղը մտցնելու համար», խայտառակ ձևով պարտվելու են

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանին հասանելիք 26 տոկոս մասնաբաժինն արդեն իսկ մեծ թիվ է: «Մենք լավագույն դեպքում պետք է ստանայինք 5-7 տոկոս, բայց ամերիկացիք մեզ հարգեցին։ Ասացին՝ 100 տոկոսով ներդրում  կանենք, բայց Հայաստանը մեզ համար կարևոր է։ Այդ 26 տոկոսը ստրատեգիայի համար տվեցին։ Անկեղծ եմ խոսում, 51 տոկոսը մանիպուլյացիա կլիներ։ Ամբողջը վերցնելով իրենց վրա՝ մեզ տվեցին 26 տոկոս, ու դա շատ բարձր է»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ ինքը կողմնակից էր, որ պայմանավորվածությունը միանգամից 99 տարով լիներ։


Գրիգորյանն անդրադարձավ նաև այն շահարկումներին, թե փաստաթուղթը որևէ իրավաբանական ուժ չունի: «Նախ ուզում եմ ասել, որ Դոնալդ Թրամփը լեգիտիմ ընտրված նախագահ է, բայց դա չէ գլխավորը։ Ո՞նց է հիմա Լուկաշենկոն ազատ արձակում հարյուրավոր քաղբանտարկյալների. քանի որ դիմեց Դոնալդ Թրամփը, Լուկաշենկոն դա համարեց հրաման։ Այո՛, Միացյալ Նահանգները հզոր ու կարևոր երկիր է, բացի դրանից՝ դա միջազգային պայմանագիր է։ Ընդունված ձև է, որ պետությունները տարբեր ձևերով երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր են ստորագրում։ Ինչի՞ մասին է խոսքը, լեգիտիմ փաստաթուղթ է, լավ էլ կաշխատի»,- ասաց նա։


Քաղաքագետը զարմացած է Ադրբեջանից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ շահարկումներով: «Գիտեք՝ եթե դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է՝ այո՛, դա պետք է ազդի ընտրությունների վրա։ Մեր ժողովրդին ասում եմ՝ այդ փաստը պետք է  բարձրացնի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը։ Եթե կառավարությունը շնորհք ունեցավ ազատելու 4 գերի՝ դա դրական է։ Եթե կառավարությունը լավ բան է անում՝ ընդդիմությունը պետք է ողջունի, բայց իրենք քննադատում են՝ ո՞նց, 4 կյանք փրկվեց, 4 տղամարդ վերադարձավ իր ընտանիք, ի՞նչ վատ բան է։ Ուրիշ հարց է, որ պետք է շարունակես աշխատել մյուսների համար, բայց այդ չուզողությունը կբերի նրան, որ կպարտվեն ու ավելի խայտառակ ձևով, քան պատկերացնում են»,- եզրափակեց նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան