Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցեր

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: 


Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։


Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ


Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։