«Խոսք անգամ լինել չի կարող». Գերմանիան դեմ է Ուկրաինայի արագացված անդամակցությանը ԵՄ-ին

Ուկրաինան չի կարող անդամակցել Եվրամիությանը մինչեւ 2027թ․, հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: 

«2027թ․ հունվարի 1-ին անդամակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա անհնար է»,- ասել է Մերցը:


թճՆա նշել է, որ ԵՄ անդամակցության բոլոր թեկնածուները պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին, եւ Ուկրաինան բացառություն չէ: Պետք է անցնի առնվազն մի քանի տարի, մինչեւ երկիրը սկսի համապատասխանել պահանջներին. «դա երկարատեւ գործընթաց է»,- ընդգծել է Մերցը: Նա ավելացրել է, որ Կիեւը պետք է ունենա միության անդամ դառնալու հեռանկար:


Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը Կիեւի եւ Եվրոպայի համար անվտանգության կարեւոր երաշխիք է: «Ահա թե ինչու մենք խոսում ենք կոնկրետ տարեթվի՝ 2027թ․ մասին, եւ մենք հույս ունենք մեր գործընկերների աջակցության վրա մեր դիրքորոշման առումով»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը: Ամերիկացի, ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաները ավելի վաղ Washington Post-ին հայտնել էին, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին 2027թ․ քննարկվում է որպես խաղաղության ծրագրի մաս: Սակայն նրանք նշել են, որ ԵՄ որոշ անդամներ, մասնավորապես Հունգարիան, դեմ են նման որոշմանը: Reuters-ի հետ զրույցում մի քանի եվրոպացի պաշտոնյաներ նույնպես ընդգծել են, որ Ուկրաինային մինչեւ 2027թ․ ընդունելը «բացարձակապես անհնար է»։