ԹՐԻՓՓ-ը քննադատում են մարդիկ, որոնք «Գույք պարտքի դիմաց» գործարաններ են հանձնել ՌԴ-ին․ Սարաֆյան

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի խոսքով՝ ստացվել է այնպես, որ Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ խաղաղության քայլն այսօրվա դրությամբ Թրամփի միակ շոշափելի հաջողությունն է: «Քանի որ իր մոտ միշտ գերիշխել է ոչ թե գաղափարական, արժեհամակարգային, այլ առևտրային, նյութական մոտեցումը՝ բացվեց այդպիսի մի հեռանկար։ Խոսվում էր Միջին միջանցքի մասին․․․ պարզ է, որ  այս տարածաշրջանը կարևոր օղակներից մեկն էր, և պետք էր, որ այս հարցում հաջողություն լինի»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Սարաֆյանի խոսքով՝ իշխանություններին այս հարցով ուղղված քննադատությունները պարզապես իրենց ընտրազանգվածի համար են: «Ռուսաստանը, որ տարիներ շարունակ մենաշնորհ ունի այստեղ տարբեր ոլորտներում, դրական երևույթ է, բայց հանկարծ երբ Ամերիկան է գալիս, ասում են՝ ինքնիշխան տարածք ենք տալիս։ Գովասանքն ու քննադատությունը պետք է հավասար լինեն։ Ես հասկանում եմ ընդդիմադիրներին՝ ակնալում էին, որ ձախողություններ լինեն, որ իրենք հաջողեն հաջորդ ընտրություններում, բայց հակառակն է լինում։ Ամենակարևորը՝ գործնական քայլեր են արվում»,- նկատեց նա։


Համբիկ Սարաֆյանը կարծում է, որ Հայաստանն այժմ լիարժեք գործընկեր է դարձել Միացյալ Նահանգների համար: «Հնչում են քննադատություններ այն մարդկանց կողմից, որոնք «Գույք պարտքի դիմաց» գործարքով երկրի համար կենսական նշանակության գործարաններ հանձնեցին Ռուսաստանին։ Իրենք իրենց աչքի գերանը չեն տեսնում՝ ուրիշների աչքի փուշն են տեսնում»,- եզրափակեց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում