Եվրամիության ղեկավարությունը որոշակի պահի Հայաստանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական քաղաքականության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Որոշակի պահի Բրյուսելը կսկսի ցանկացած թեկնածու
երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքական գծին, որն այսօրվա
դրությամբ բացահայտ հակառուսական բնույթ է կրում,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով
Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։- Նաև հուսով եմ՝ Երևանն իրեն հաշիվ է տալիս, որ
նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում ԵՄ անդամակցությունը»։
Որպես օրինակ նա նշել է Արևմտյան Բալկանների երկրները,
որոնք, նրա խոսքով, տասնամյակներ շարունակ մնում են ԵՄ-ին անդամակցելու հերթում։ Մասլեննիկովը
նաև ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով նրա ներկայիս
վիճակը, չի հանդիսանում տնտեսական աճի և բարգավաճման երաշխիք։