ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը պետք է կենտրոնանա իր անելիքների վրա, իսկ թե հետընտրական ու նախընտրական շրջանում ով ում հետ կմիավորվի՝ էական չէ: «Մեծ հաշվով ընդդիմադիր դաշտը նույն էությունն ունի. քանի մասի կբաժանվեն, ով ում հետ կմիանա՝ անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, ինձ մեր անելիքներն են հետաքրքրում»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ այն խոստումները, որ իրենք տվել են 2021
թվականին, և այն իրողությունները, որ այժմ կան, թույլ են տալիս եզրակացնելու, որ ՔՊ-ն
մեծամասնություն կունենա նաև հունիսին: «Ընդդիմադիր դաշտի որևէ
կոնֆիգուրացիա չի խանգարի մեզ նորից իշխանություն լինելու հարցում։ Մենք 2021 թվականին
մանդատ ենք խնդրել, որպեսզի խաղաղություն լինի, իսկ այսօր անգամ այդ ընդդիմությունը
չի կարող վիճարկել խաղաղությունը։ Սա այն կարևորագույն խոստումն է, որ մենք տվել ենք
ու ապահովել»,- նկատեց Հակոբյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ընդդիմության դատարկ ու մանիպուլյատիվ
թեզերն այլևս չեն գործում: «Մենք գործով ապացուցել
ենք, որ դրանք սուտ են։ Չեմ խոսում այն դատարկ թեզերի մասին, որ ԱՄՆ-ն միլիարդավոր
ներդրումներ է անում, որ Ադրբեջանն օգտվի, այսինքն՝ ԱՄՆ-ին թրքահպատա՞կ են համարում»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան