Մեծ Բրիտանիան դժվար թե միանա Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարձակմանը. The Guardian

Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, աջակցություն չի ցուցաբերի ԱՄՆ-ին՝ Իրանին հնարավոր հարված հասցնելու դեպքում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով պաշտպանական ոլորտի իր աղբյուրներին։


«Քիչ հավանական է, որ Մեծ Բրիտանիան օգնություն ցուցաբերի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման հարցում, սակայն անցյալ շաբաթ Քաթարում RAF Typhoon կործանիչների տեղակայումը վկայում է տարածաշրջանային դաշնակիցներին օգնելու պատրաստակամության մասին», — նշված է նյութում։


Լոնդոնում կարծում են, որ «առաջին հարվածը Իրանին» չի համապատասխանի միջազգային իրավունքի բրիտանական մեկնաբանությանը։


Բրիտանական ռազմաօդային ուժերը (RAF) կարող են ներգրավվել Իրանի հնարավոր պատասխան հարվածը հետ մղելու գործում՝ Մերձավոր Արևելքի դաշնակիցներին պաշտպանելու համար։


Կործանիչների առկայությունը տարածաշրջանում դիտարկվում է որպես զսպող գործոն, այլ ոչ թե հարձակողական պլացդարմ։


Ամերիկյան ռազմական վերլուծաբանները ենթադրում են, որ Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանին՝ օգտագործելով Tomahawk թևավոր հրթիռները։