Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի երթուղուն» միանալու հնարավորությունը. Զախարովա

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին միանալու հնարավորությունը, որի իրագործումը նախատեսվում է Հայաստանի տարածքում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ինչ վերաբերում է, ինչպես այն անվանում են՝ «Թրամփի ճանապարհ» նախագծին, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։ 


Նրա խոսքով՝ «նախ, հավանաբար, արժի մանրամասն ծանոթանալ այդ նախաձեռնության իրականացման և գործառնության բոլոր մանրամասներին։ Իսկ մշակումը, ինչպես մենք հասկանում ենք, միայն սկզբնական փուլում է»։


Նա հավելել է, որ «ուժի մեջ է մնում ռուսական առաջարկը Երևանին՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ»։


«Ռուսական կողմը կապի մեջ է իր հայ գործընկերների հետ, այդ թվում՝ կառավարության տնտեսական բլոկի միջոցով։


Երևանի բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են համապատասխան գերատեսչությունների կողմից»,- հայտարարել է Զախարովան։