Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ կրկին բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե բանակցությունները հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետհանդիպման ժամանակ:,


«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք։ Այն երբեք չի եղել մեր պաշտպանական հաշվարկներում։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, եթե դրանք հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա», - ասել է նա:


Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ին թույլ չի տա պարտադրել իր կամքը:


«Մենք ոչ մի պարագայում պատրաստ չենք համաձայնել թելադրանքին և պարտադրանքին»,- ասել է նախարարը:


Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքի գործերին ցանկացած արտաքին միջամտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և հիմա առավել, քան երբևէ զգացվում է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Իրանի արտգործախարարի խոսքով՝ իր երկիրը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության պահպանմանը:


Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ միջուկային թեմայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիրը դեռ մշակված չէ: Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում կողմերը պետք է որոշեն բանակցությունների ձևաչափը, անցկացման վայրն ու ժամանակը։