Ղրղզստանը կարող է դառնալ նախկին ԽՍՀՄ առաջին հանրապետությունը, որը կհայտնվի եվրոպական պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Ղրղզստանի դեմ կարող է առաջին անգամ կիրառվել պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի մեխանիզմը (anti-circumvention tool)։ Բիշքեկը մեղադրվում է ԵՄ-ից Ռուսաստան արգելված ապրանքների վերահասցեագրման «հաբ» դառնալու մեջ։
Brookings Institution-ի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրներից արտահանումը դեպի Ղրղզստան աննախադեպ աճ է գրանցել.
Էստոնիայից՝ +10,000%
Ֆինլանդիայից՝ +3,100%
Լեհաստանից և Հունաստանից՝ ավելի քան +2,100%
Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից՝ ավելի քան +1,000%
Պատժամիջոցների պատճառներից մեկն էլ Ղրղզստանում գործող Grinex կրիպտոբորսան է։ Այնտեղ շրջանառվում է ռուբլուն կապված A7A5 սթեյբլքոինը, որի միջոցով իրականացվում են միջսահմանային հաշվարկներ՝ շրջանցելով բանկային սահմանափակումները։ 2026 թվականի սկզբին դրա շրջանառությունը հասել է 100 միլիարդ դոլարի։
Եվրոպական 20-րդ փաթեթը նախատեսում է նաև կոշտ միջոցներ էներգակիրների դեմ. ԵՄ-ն քննարկում է ռուսական նավթի ծովային փոխադրումների լիակատար արգելքը։ Նոր մեխանիզմը պետք է փոխարինի ներկայիս համակարգին։ Փետրվարի 1-ից նավթի գների վերին շեմ կսահմանվի 44,1 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվի ռուսական բանկերի և երրորդ երկրների այն ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել սահմանափակումները։