Դատական ակտը չկատարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 հոգևորականի նկատմամբ

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան-խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։


Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:


Հիշեցնենք՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: 


Այնուհետև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: 


Մինչդեռ նման պայմաններում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: