Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել, որ Հայաստան  է ժամանել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։


ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին հայտնաբերվել և հրավիրվել է  մաքսային հսկողության գոտի և ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել անձնական մաքսային զննման:  Արդյունքում՝ նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ: Ռ.Դ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել կոկաին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։


Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:


«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  իրականացրել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ: Պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևանի հասցեներից մեկում թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ևս 2 քաղաքացի: Ձերբակալվածներ Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ»,- ասվում է հաղորդագրությունում։