«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող ենք ստորագրել մինչև հունիս». Հասանգուլիև

«Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիս ամիսը, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»: Այս մասին այսօր Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր Հուդրատ Հասանգուլիևը։


Պատգամավորի խոսքով՝ դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի առ այն, որ նոր Սահմանադրության մեջ չեն լինի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:


«Մեր օրենսդրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ճանաչվում է որպես Հայրենական պատերազմ։ Հետևաբար, Սահմանադրության համաձայն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջվում է Միլլի Մեջլիսի համաձայնությունը։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսին։ Անհրաժեշտ է այն քննարկել խորհրդարանում։ Առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքների ծրագրում։


Ներկայումս Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը վառելիք է վաճառում Հայաստանին։ Եթե Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով, ապա կարծում եմ, որ Ադրբեջան բեռներն էլ կարող են տեղափոխվել Հայաստանի տարածքով։ Մենք կարող ենք վերականգնել Ադրբեջանը Հայաստանի հետ միացնող երկաթգիծը, այդ թվում՝ Սադարակ-Երևան երկաթուղին։ Ներկայումս քննարկվում է նաև մինչև մարտ ամիսը Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհների բացման հարցը։ Նախիջևանի զարգացումը արագացնելու համար բեռները պետք է Նախիջևան տեղափոխվեն երկաթուղով, և մենք պետք է Նախիջևան բեռնափոխադրում իրականացնենք Հայաստանի տարածքի միջով։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։