Պուտինը պատրաստվում է քաոս տարածել Եվրոպայում. Էստոնիայի ԱԳ նախարար

Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում ցանկացած հրադադար ագրեսիան դեպի Եվրոպա վերաուղղորդելու համար՝ ներգրավելով հարյուր հազարավոր նախկին զինվորականների հիբրիդային պատերազմ վարելու համար։ Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «հազարավոր հանցագործների ուղարկել՝ ամբողջ Եվրոպայով մեկ քաոս տարածելու», այդ թվում՝ նախկին բանտարկյալների և քրեական անցյալ ունեցող անձանց, որոնք մասնակցել են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին։


Էստոնիայի ԱԳ նախարարը ԵՄ երկրներին կոչ է արել Շենգենյան գոտի մուտք գործելու լիակատար արգելք սահմանել այն ռուս զինվորների համար, որոնք մասնակցել են Ուկրաինայի դեմ պատերազմին, ինչպես նաև էմբարգո դնել աշխատանքային վիզաների և բնակության թույլտվությունների վրա։ Նա նաև դիմել է Մեծ Բրիտանիային՝ առաջարկելով միանալ նման միջոցների համակարգմանը։


Ցախկնան ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայություններն արդեն իսկ ներգրավում են այդ անձանց դիվերսիաների և եվրոպական երկրների տարածքում հարձակումների մեջ։


Ըստ Էստոնիայի դիվանագիտական ​​նոտայում մեջբերված գնահատականների՝ Ուկրաինայի դեմ պատերազմին կարող է մասնակցած լինել մինչև 1,5 միլիոն ՌԴ քաղաքացի, որոնցից մոտավորապես 640 հազարը մնում է ծառայության մեջ։ Ընդ որում, մինչև 180 հազար բանտարկյալ ուղղակիորեն հավաքագրվել է ռուսական կալանավայրերից։


Ցախկնան զգուշացրել է, որ այդ անձինք իրենցից ներկայացնում են «շատ անակնկալ և լուրջ սպառնալիք Եվրոպայի անվտանգության համար»՝ ունենալով մարտական ​​փորձ և հանցավոր անցյալ։