Հայաստանի կրթության տեսչական մարմինը 2025 թվականին աշխատանքներ է իրականացրել 4 հիմնական ուղղություններով՝ կանխարգելիչ, խորհրդատվական միջոցառումներ, վերահսկողական գործընթաց, տեսչական մարմնի կողմից կիրառվող գործիքակազմի լավարկում, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությունների, ստուգաթերթերի ռիսկերի գնահատման մեթոդաբանության լավարկման աշխատանքներ։
Ամփոփելով 2025-ի աշխատանքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ նախորդ տարի իրենք իրականացրել են 101 ստուգում նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում, մասնագիտական կրթության ոլորտում։
«Ռիսկերի համապատասխան մեթոդաբանությամբ որոշվում է, թե որ ուսումնական հաստատություններում պետք է կատարվեն ստուգումներ։ Ասեմ, որ բարձր ռիսկայնության խմբում ավելի մեծ թիվ են կազմում հանրակրթական դպրոցները, դրանով պայմանավորած էլ ստուգումների առյուծի բաժինը հենց դպրոցներինն է եղել»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը։
Նախորդ տարի տեսչական մարմինը ծնողներից ստացել է 195 դիմում-բողոք։ Դրա ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին։ Քիչ չեն դպրոցներում բռնությունների, դրամահավաքների մասին դիմումները, որոնք հասցեագրվել են այլ կառույցներին, քանի որ այս խնդիրները դուրս են Կրթության տեսչական մարմնի լիազորություններից։
«Մենք ամեն տարի առանձնացնում ենք ամենահաճախ հանդիպող խախտումները։ Ասեմ, որ նախադպրոցական կրթության ոլորտում խնդիրները հիմնականում վերաբերում են զարգացման միջավայրի պայմաններին, մանկավարժների համալրմանը։ Դպրոցներում խնդիրներ եղել են տնօրենների աշխատանքային գործառույթների հետ կապված, արձանագրվել են նաև բուլինգի դեպքեր։ Այստեղ կցանկանայի նշել, որ բուլինգի դեպքերի աճն ուղիղ համեմատական է տվյալ երևույթի մասին իրազեկմանը։ Ինչ վերաբերում է մասնագիտական կրթության ոլորտին, ապա այստեղ ևս տնօրենի աշխատանքային գործառույթների հետ կապված հարցեր են եղել, ինչպես նաև պարտադիր կրթության ապահովմանը վերաբերող խնդիրներ»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը։
Տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է մնացորդային գիտելիքների ստուգումներ, որոնց շրջանակում «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» առարկաներից տրվում են 2024 թվականի ուսումնական նյութի հիման վրա կազմված գրավոր աշխատանքներ։ Մնացորդային գիտելիքների ստուգումներին մասնակցել է 3500 սովորող, միջին գնահատականը «Հայոց լեզու» առարկայից 4,3 է, իսկ «Մաթեմատիկա», առարկայից՝ 4 միավոր։