Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ համերգներից, մարզական միջոցառումներից հետո, վատ եղանակային պայմաններում կամ նմանատիպ այլ դեպքերում, երբ ուղևորությունների պահանջարկը զգալիորեն գերազանցում է ազատ վարորդների քանակը, Yandex Go-ի «Ստարտ/էկոնոմ» սակագնի համար կգործի պատվերների բաշխման նոր համակարգ։ Այն կցուցադրի օգտատիրոջ տեղը հերթում՝ օգնելով ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ տրանսպորտային միջոցով ավելի արագ մեկնել։
Գործառույթը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում։
Ծանրաբեռնված ժամերին պատվեր կատարելուց հետո հավելվածում ավտոմատ կերպով օգտատերերի վիրտուալ հերթ կձևավորվի։ Ուղևորությունները կիրականացվեն ըստ պատվերների հերթականության՝ ով ավելի շուտ է պատվերը կատարել, նա ավելի վաղ կմեկնի։
Օգտատերերը կկարողանան իրական ժամանակում հետևել՝ հերթում որ տեղն են զբաղեցնում, ու ինչպես է հերթն առաջ գնում։ Արդյունքում՝ կկարողանան կողմնորոշվել՝ մնալ հերթում և սպասել «Ստարտ/էկոնոմ» սակագնով ուղևորությանը, ամրագրել ուղևորություն այլ սակագնով, թե օգտվել հասարակական տրանսպորտից։
Այն բանի շնորհիվ, որ օգտատերերի որոշ մասը նախընտրություն կտա ուղևորության այլ տարբերակների, «Ստարտ/էկոնոմ» սակագնի պահանջարկը կարող է նվազել, իսկ առկա վարորդների թիվը՝ աճել։ Արդյունքում՝ ուղևորությունների գները նույնպես աստիճանաբար կարող են նվազել։