Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդլայնված խորհրդակցություն-քննարկում է անցկացրել ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։


Ինչպես հայտնել են ծառայությունից, քննարկման առանցքում Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերն են եղել։


Մասնավորապես քննարկվել են մուտքի և ելքի 25 տեղամասերի կահավորմանը, դրանց հավասարաչափ ծանրաբեռնվածության մեխանիզմների մշակմանը և որսի իրականացման ժամային գրաֆիկի փոփոխության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։


Էկոպարեկային ծառայությունը բնակչությանը ևս մեկ անգամ իրազեկում է՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված և պայմանագրի գործողության ժամկետներից դուրս ժամկետներում։


Ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով արգելվում է՝


մուտքը Սևանա լիճ և ելքը լճից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից,


Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված ժամային գրաֆիկից դուրս ժամանակահատվածում:


Վերոնշյալ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվություն։