Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր այն ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք սպասարկում են ռուսական տանկերային նավատորմը և տեղափոխում են «պատժամիջոցների տակ գտնվող» նավթ։
«Շարունակում ենք պատժամիջոցների սինխրոնացումը Եվրոմիության հետ։ Ստորագրել եմ հրամանագիր այն ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք սպասարկում են ռուսական տանկերային նավատորմը և տեղափոխում պատժամիջոցային նավթ», — գրել է նա իր Telegram-ալիքում։
Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերի տվյալների՝ ԵՄ-ն իր «սև ցուցակում» արդեն ներառել է ընդհանուր առմամբ 597 տանկեր։
Այս նավերը ռուսական նավթը տեղափոխում են օտարերկրյա դրոշների ներքո՝ փորձելով շրջանցել սահմանափակումները։
Արևմուտքում այս երևույթն անվանում են «ստվերային նավատորմ»(shadow fleet)։
Այս պահին Եվրահանձնաժողովը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով սահմանափակող միջոցներն ուժեղացնելու առաջարկները, նշել է, որ պատժամիջոցները վնասում են հենց նրանց, ովքեր դրանք սահմանում են։