«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է քաղաքական գործիչ, գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարություններով։ Հատկապես անընդունելի են կանանց թիրախավորող և խոցելի խմբերին վերաբերող կարծրատիպային ու խտրական մոտեցումները։


Մենք դատապարտում ենք ցանկացած քաղաքական քարոզարշավ, որը հիմնված է ատելության խոսքի, խտրականության և հասարակության տարբեր խմբերի միջև պառակտում մտցնելու վրա։ Կանայք հասարակության լիիրավ անդամներ են, և նրանց նկատմամբ ցանկացած բռնություն կամ խտրականություն անթույլատրելի է։


Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար: Կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, քանի որ սա խտրականության, արժանապատվության խախտման և հասարակական վնասի ուղիղ դրևսրում է:


Հետևաբար, ցանկացած հայտարարություն կամ քարոզչություն, որը փորձում է կանանց կամ այլ խոցելի խմբերի պիտակավորել կամ վիրավորել՝ անընդունելի է և պետք է դատապարտվի հասարակության կողմից։


Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին զերծ մնալ նման հայտարարություններից՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և խթանելով հանդուրժողականությունը հասարակության մեջ։