Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել ապօրինի գույքի բռնագանձման գործով Դատախազության հերթական հայցապահանջը, որով պատասխանողի կարգավիճակ ունեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն ու նրան փոխկապակցված անձինք՝ կինը՝ Ցողիկ Բեժանյանը, որդին՝ Վահե Վարդանյանը, ինչպես նաև Վարդուհի Վարդանյանը, Քրիստինե Մանուկյանը։ Դատարանը հայցապահանջն ստացել է հունվարի 30-ին, գործով դատավորը Ռուդոլֆ Ավագյանն է։ Նախորդիվ հայտնել ենք, որ սույն խմբակցության մեկ այլ անդամի՝ Իշխան Սաղաթելյանի, նրա ընտանիքի անդամների վերաբերյալ նույնաբովանդակ հայցապահանջը օրերս ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Նշենք, որ Աղվան Վարդանյանը
նախկինում՝ 2008-ին, կարճ ժամանակով եղել է
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար։
Сivic.am-ը ուսումնասիրեց պատգամավորի 2024 թ․ հայտարարագիրը, որից պարզ դարձավ, որ Վարդանյանը
չունի շարժական գույք՝ տուն, հողամաս և այլն, ունի «Տոյոտա» մակնիշի 2021 թ. արտադրության
մեքենա, որը գնել է 2022-ին։ Պատգամավորի ֆինանսական դրությունը բավական լավ է՝ որպես
կանխիկ դրամ նախկին նախարարը հայտարարագրել է 38 մլն դրամ, 11 հազար ԱՄՆ դոլար։ Որպես 4 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք (թանկարժեք
գույք) բանաստեղծ Վարդանյանը հայտարարագրել է գեղանկարներ, որոնք ձեռք է բերել
2002-ին, սակայն դրանց արժեքը հայտարարագրում նշված է 0 դրամ։
Որպես եկամուտ
Վարդանյանը հայտարարագրել է ԱԺ-ից ստացած 10 մլն 612 հազար 776 դրամն ու
կենսաթոշակը՝ 638 հազար 400 դրամ։ Հայաստանական պատգամավորը նաև «ՎԱՀԵ-1982» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, որը ձեռք է
բերել 2015-ին։