Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է եղել

Հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 1:15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենան:


Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են՝ օգտվելով շարժիչը գործարկված և դռները բաց լինելու հանգամանքից:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և գողացված մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ և ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: