Հայտնաբերված խախտումների պատճառով Երևանի լցակայաններից մեկում դադարեցվել է հեղուկ գազի և բենզինի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Եղվարդի խճ․, 115) հայտնաբերվել են խախտումներ։


Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի և ավտոմոբիլային բենզինի 3 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։