«Հայերը պետք է իրենց հարց տան». Օվերչուկ

Հայաստանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրվածությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նրա խոսքով՝ Երևանի համար կարևոր է գիտակցել, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։


«Հայերը պատրա՞ստ են միանալու ռազմաքաղաքական միությանը։ Հայերը երևի պետք է այդ հարցը իրենց տան»,- հավելել է նա։


Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանը հասկանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի կարևորությունը, դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա։


«Եվրասիական միությունը Հայաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերն է և կմնա այդպիսին նաև մոտ հեռանկարում։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։


Միևնույն ժամանակ, Հայաստանում զգալի թվով մարդիկ կան, այդ թվում՝ երկրի ղեկավարության մեջ, որ ցանկանում են մերձենալ Եվրամիությանը, ասել է Օվերչուկը։


«Նրանք բացարձակապես իրատես են այս հարցում և հասկանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի կարևորությունը իրենց երկրի բարեկեցության համար։ Կա հասկանալի ձգտում՝ դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունը և առևտրային կապերը։ Սա նույնպես հասկանալի, նորմալ ձգտում է, երբ երկիրը ցանկանում է զարգացնել կապերը այլ երկրների հետ, և դրան նույնպես պետք է համապատասխան կերպով վերաբերվել»,- ասել է նա։