2025-ին դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող. Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդումը

ԱԺ է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Civic.am-ը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկացավ, որ 2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ  (այդ թվում՝ կրկնակի), որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել։ Կարճված վարույթներից 54-ի՝ վարույթը կարճելու որոշումները դատախազի կողմից վերացվել կամ չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը։


2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9  տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով, նշված է հաղորդման մեջ։


Դատարան ուղարկված քրեական վարույթները (առանց կրկնակիի), ըստ հանցագործությունների բնույթի, եղել են ընտրությունների հետ կապված հանցագործություններ՝ 5 քրեական վարույթ 10 անձի վերաբերյալ, հափշտակություններ՝ 48 քրեական վարույթ 101 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ՝ 22 քրեական վարույթ 56 անձի վերաբերյալ, հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործություններ՝ 158 քրեական վարույթ 405 անձի վերաբերյալ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 1 քրեական վարութ 6 անձի վերաբերյալ, թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ՝ 1 քրեական վարույթ 2 անձի վերաբերյալ, այլ հանցագործություններ՝ 30 քրեական վարույթ 81 անձի վերաբերյալ։


2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք, ըստ բնագավառների ու զբաղեցրած պաշտոնի, հանդիսացել են,  մասնավորապես, ՀՀ նախագահ՝ 2 (նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում), ՀՀ վարչապետ՝ 1, ԱԺ պատգամավոր՝ 1,  ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ՝ 1, ՀՀ դատական իշխանության 5 աշխատակիցներ, այդ թվում՝ 2 դատավոր, պաշտպանության նախարարության 47 աշխատակից, ՆԳՆ 66 աշխատակից։