Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը շղթայական ռեակցիա կառաջացնի տարածաշրջանում. Վենս

Միացյալ Նահանգները համոզված են, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստանալ, ապա այլ երկրներ ևս կցանկանան համալրել իրենց զինանոցը նմանատիպ սպառազինությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


«Եթե իրանցիները միջուկային զենք ստանան, գիտե՞ք, թե ով է հաջորդ օրն իսկ ձեռք բերելու այն։ Սաուդցիները։ Իսկ այնուհետև՝ Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկը», — նշել է Վենսը լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում։


ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ համաշխարհային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը միջուկային տերությունների թվի անվերահսկելի աճն է։


Հատկանշական է, որ չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտնել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցությունները նախատեսված են այս ուրբաթ՝ Օմանում։ 

Պաշտոնական Թեհրանը նախկինում բազմիցս ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել։


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեպի Իրան ուղևորվող «հսկայական արմադայի» մասին և հույս հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի կնքել «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է լիակատար հրաժարում միջուկային զենքից։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում։ Նա զգուշացրել է, որ «հաջորդ հարձակումն ավելի վատն է լինելու»՝ կոչ անելով թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում։