Ընդդիմադիր գործընկերները
ամեն կերպ փորձում են քաղբանտարկյալ կերտել տարբեր քրեական հոդվածներով հետապնդվող
զանազան անձանցից, ինչը, սակայն, անպտուղ գործ է։ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողով
էլ հերթական նախագիծն էին բերել, սակայն այդպես էլ չկարողացան հիմնավորել, որ իրենց
գնահատմամբ «քաղբանտարկյալ» համարվող այդ անձինք իրոք քաղբանտարկյալ են։ Այս մասին
Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփի
Դավոյանը։ Նշենք, որ ԱԺ դիմաց այսօր նաև ընդդիմությունը
ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել
«Բաքվի և Երևանի բանտերում նստած քաղբանտարկյալներին»։
«Հայհոյախոսությամբ հայտնի
մեկը, որը հայտնվում է անազատության մեջ, իրեն հռչակում է քաղբանտարկյալ։ Սա ծիծաղելի
է, համաշխարհային պատմության մեջ եղել են քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են իրենց
քաղաքական գործունեության պատճառով։ Հիմա նրանց կողքը դնել մանր-մունր խուլիգաններին,
քրեական տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվողներին (չխախտելով նրանց անմեղության
կանխավարկածը) ու ասել, որ նրանք քաղբանտարկյալ են, անիրատեսական է և անիմաստ։ Ինչ
վերաբերում է Բաքվում գտնվող գերիներին, ապա ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ կատարում
է համապատասխան աշխատանքներ, որոնք տեսանելի չեն լինում, սակայն դրանց արդյունքները
մենք տեսնում ենք ժամանակ հետո»,- ասաց նա։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի
հայտարարությանը, թե՝ հավանական չի համարում ԱԺ ընտրություններից առաջ ընդդիմության
միավորումը, Արփի Դավոյանը նկատեց՝ «ուրեմն
մի բան գիտի, որ ասում է»։ «Իրենք միավորված էին մի ժամանակ, հետո՝ բաժանվեցին։ «Սրբազան
պայքարի», Դիմադրության շարժման, ՀՓՇ-ի օրերին
իրենք միախմբված էին։ Հիմա՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մասնատվել են,
առանձին միավորների տեսքով հանդես գալով ուզում են քաղաքական արևի տակ իրենց տեղը գտնել։
Այդ ուժերից ամեն մեկն ունի վարչապետի իր թեկնածուն։ Պայմանական անուն տամ՝ Արման Թաթոյանը,
օրինակ, չեմ կարծում, որ վարչապետի պաշտոնը, որում ինքն իրեն է պատկերացնում, զիջի
որևէ մեկին։ Նույնն էլ Քոչարյանի պարագայում կարող եմ ասել, քանի որ ինքն էր, չէ՞,
ասում, որ միակ գործիչն է, որ կարող է երկիրը
դուրս բերել այս օրհասական վիճակից։ Այ իրե՛նց
իշխանության գալու պարագայում է, որ երկիրը կհայտնվի օրհասական վիճակում»,-նշեց Դավոյանը։
Անդրադառնալով
սոցհարցման տվյալներին, ըստ որոնց՝ եթե ընտրությունը կայանար Նիկոլ Փաշինյանի և Սամվել
Կարապետյանի միջև, ապա հարցվածների 33 տոկոսը
կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի, 34-ը՝ Սամվել Կարապետյանի օգտին, մեր զրուցակիցը նկատեց. «Այդ հարցման հրապարակման դրդապատճառը նախօրեին
իրենց «ուժեղ առաջնորդի» որդու «ուժեղ» հայտարարությունն էր։ Այն աստիճան «ուժեղ»,
որ հայտնվեց միջազգային մամուլի էջերում՝ միաժամանակ ենթարկվելով հանրային պարսավանքի։ Եվ այդ վատ մթնոլորտը
հաղթահարելու համար որոշեցին նման «շռնդալից» բան տարածել, թե՝ բարելավել են իրենց
հանրային վստահության դիրքերը, հանրությունը ուշաթափվում է իրենց համար։ Ակնհայտ է,
որ այդ հարցումը մտացածին է, երևի իրենց ֆեյսբուքյան համարակալված «բոտերի», ֆեյքերի
շրջանում էին արել այդ հարցումը՝ այդպիսի մեթոդներով փորձելով մտացածին աշխարհում ապրել,
որտեղ իրենք առաջին դիրքերում են։ Ես առաջարկում եմ, որ մի քիչ անհանգստանան՝ իրենց
երիտասարդին առաջին պլան բերելու հետ կապված։ Նրա հայտարարությունները ոչ միայն իրենց
վարկանիշին են հարվածում, այլև Հայաստանի մասին է էստեղ-էնտեղ գրվում։ Ասում էին, թե
լեգենդար PR մասնագետ են բերել, որ աշխատի իրենց համար, այդ լեգենդար մասնագետի մի
ամսվա աշխատանքը այդ «ուժեղ» երիտասարդը ջուրը լցրեց՝ հերթական անգամ»։
Արփի Դավոյանի
հետ զրուցել ենք նաև եկեղեցու բարենորոգման գործընթացի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին
մասնակցել հավակնող քաղաքական ուժերի և այլ
հարակից թեմաների մասին։
Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան