Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է

Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:


Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում՝ տեղեկություն ստանալու համար: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել: Թե ով է նկարել գործողությունները, հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների՝ նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը:


ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։


Դատախազությունից ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկացրել են, որ տարածված տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ստացվել է և օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել:


Ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում  է հարուցվել։