Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։
Մասնավորապես դատարան է դիմել Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը (Արամայիս Թախմազյան)՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը, որով ինքը կարգալույծ է հռչակվել։
Հայցով նաև պահանջվում է որպես հետևանք վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին, պատասխանող կողմը նշված է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» ԿԿ-ն։
Նույն դատարանում քննության է ընդունվել նաև մեկ այլ հայց, որով Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը՝ Տեր Արամը (Ստեփան Ասատրյան), պահանջում է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին։
Հայցով պահանջվում է նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։
Այս գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, իսկ պատասխանող կողմը կրկին «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» ԿԿ-ն է։