Շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն. նախարարը մանրամասնել է հրամանը

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։Այս  մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:


Հարցին՝ կարո՞ղ էր ՊՆ-ը առանց Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելու նման որոշում կայացնել, նախարարը պատասխանել է․«Հայաստանում բոլոր ինստիտուտներն աշխատում են։ Թող բողոքարկեն, դատարան դիմեն, եթե այդպես է։ Ես չեմ կարծում, որ այդպես է, համաձայն չեմ նրանց հետ։ Իմ բոլոր գործողություններն իրավաչափ են և տեղին»։


Պապիկյանի խոսքով՝ բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»:


Հարցին, թե կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավա՞րձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը նշել է․«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։