Ամենադավադրապաշտ ընդդիմադիրներն
ու շահագրգիռ այլ շրջանակները ի զորու չեն արժեզրկել, նսեմացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի
պատմական այցը Հայաստան և այդ այցի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները։ Այս
մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Սոնա Ղազարյանը։ «Ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ ինձ համար առանձնահատուկ
կարևոր է հատկապես մեր էներգետիկ անվտանգությանը
վերաբերող տարրը։ Շատ կարևոր է նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործընթացը։
Փոխնախագահը ինքն էլ իր խոսքում նշեց, որ շատ քիչ երկրներում է, որ իրենք իրենց տեխնոլոգիաները
ներդնում են՝ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից։ Հայաստանը, հավելեմ, նաև չիպերի
արտադրման գործընթացի մաս կարող է լինել։ Սա փոխելու է մեր տարածաշրջանի տրամաբանությունը։
Փաստացի սա մեր քաղաքացիների համար կբերի նոր գիտելիքներ, նոր հմտություններ ու աշխատատեղեր,
և այսպիսով կտրվի Հայաստանի իրական բարեփոխման գործընթացի մեկնարկը»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ընդդիմադիր որոշ
շրջանակների կողմից տարածվող մանիպուլյացիաներին,
մասնավորապես «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի դիտարկմանը, թե «ներդրում» բառը ԱՄՆ փոխնախագահը
չի գործածել իր ելույթում, և որ «թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը
վաճառքի հանեց «Ամազոն»-ում», «ավելացրեց մեր արտաքին պարտքը 9 միլիարդ դոլարով»՝ Սոնա
Ղազարյանը նկատեց․ «Նախ շեշտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ կառավարությունը կարողացան իրենց ջանքերով
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հետաքրքիր
դարձնել ԱՄՆ-ին։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը, նշեմ, նորից ծաղրում էին, դարձավ
ԹՐԻՓՓ նախագիծ։ Այդ նախագիծը ենթադրում է ստեղծել մի կազմակերպություն, որը հսկայածավալ
ներդրումներ է անելու բառիս բուն իմաստով
«կերած» երկաթգիծը վերականգնելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին,
որ Նարեկ Կարապետյանը, ով իր բնույթով ու բովանդակությամբ ամբողջությամբ նախկին է,
արտացոլում է երկաթգիծը կերած նախկին իշխանություններին, իսկ մենք եկել ենք վերակառուցելու,
նորից ստեղծելու այն, ինչ իրենք «Ամազոնով» էլ չէ, անհայտ գործարքներով կերել են, յուրացրել
են, ունեզրկել են հայ ժողովրդին։ Մենք ստիպված ենք հիմա մեր անկախությունից 30 տարի
անց վերակառուցել երկաթգիծը, տրանսպորտային համակարգը, ճանապարհներ, որոնց մի մասը,
ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից մինչ օրս գոյություն չի ունեցել կամ էլ եղել է քանդված ու անմխիթար։
Մեր քաղաքացիները հոգնել են նախկինների մասին խոսույթից։ Մենք առաջարկում ենք հայացք
դեպի ապագա, և այդ ապագան այսօր է, խաղաղությունն էլ այսօր է, և մենք կառուցել ենք
այն, հպարտ ենք դրանով ու այս ուղերձով էլ գնալու ենք գալիք ընտրություններին»։
Սոնա Ղազարյանի հետ զրուցել ենք
նաև հիբրիդային պատերազմի, այդ պատերազմի համատեքստում ՌԴ որոշ շրջանակների, մասնավորապես ՌԴ Պետդումայի
պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության, թե՝ «ամեն ինչ պետք է անել,
որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի հունիսի 7-ին»,
«Մեր ձևով» շարժման հրապարակած սոցհարցման տվյալների և այլ հարակից թեմաների
մասին։ Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան