«Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում»։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն, և դրանք չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք առհասարակ սկզբունքորեն գոյություն չունեն, միայն թղթի վրա են»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, թե Վենսի այցի ժամանակ Երևանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։
«Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները, և որտե՞ղ են դրանք արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական ռեսուրսներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում, սակայն առանցքային հարցը նախագծի ֆինանսական մոդելն է:
Ռուսական կողմի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Սակայն այս պահին բուն հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»,- հայտարարել է Զախարովան: