Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական միությանը կոչ է արել մշակել միասնական դիրքորոշում եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո:


«Մենք՝ եվրոպացիներս, նույնպես ունենք քննարկվելիք հարցեր, ուստի պետք է լինենք բանակցային սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարօրության, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերով: Դա անհրաժեշտ է արդեն հիմա նախապատրաստել եվրոպական մակարդակով, որպեսզի պատշաճ պահին պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին», — ասել է նա ԵՄ երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով։


Վերջին շրջանում եվրոպական որոշ երկրների ղեկավարներ սկսել են խոսել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Այսպես, այս շաբաթ Մակրոնը հայտարարեց տեխնիկական մակարդակով կապի ուղիների վերականգնման մասին, իսկ ամսվա սկզբին նրա դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնը այցելեց Մոսկվա։ Այնուամենայնիվ, Կրեմլում նշել են, որ դեռևս չեն տեսնում առաջնորդների միջև երկխոսությունը հաստատելու ազդակներ։


Իրենց հերթին, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը պաշտպանել են Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար Եվրոպական միությունից հատուկ բանագնաց նշանակելու գաղափարը։ 


Մինչդեռ Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան, ընդհակառակը, կոչ է արել դադարեցնել «թակել Կրեմլի դուռը», քանի որ դա թուլացնում է Եվրոպայի դիրքերը։