ԱՄՆ-ը, առաջարկելով Երևանին Հայաստանում կառուցել մոդուլային ռեակտորներ, փաստացի այդ երկիրը դատապարտում է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում փորձարկումների, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս չի կառուցել որևէ նման օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանելով Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ԱՄՆ ծրագրերը: Նա հայտարարել է, որ ամերիկացիները միշտ շատ գրավիչ բիզնես-առաջարկներ ունեն, բայց Միացյալ Նահանգների կողմից դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել։
«Այո, ԱՄՆ-ում
կան մի քանի ընկերություններ, որոնք դրանով զբաղվում են։ Այո, նրանք բոլորն էլ շատ
գրավիչ բիզնես-առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, կան նյուանսներ...
ամերիկացիների կողմից դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել, դեռ
չասած՝ գործարկելը կամ, առավել ևս, արդյունաբերական շահագործման փորձը։ Ընդգծում
եմ՝ ոչ մի»,- ասել է Շոյգուն։
Անվտանգության
խորհրդի քարտուղարը նաև նշել է, որ արտադրված էներգիայի մեկ մեգավատտ-ժամի մոտավոր
գինը որևէ տեղ չի նշվել։ Մինչդեռ սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։
«Եթե խոսքը NuScale Power ընկերության 77-մեգավատտանոց
մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի բարձր գինն էր, որ հանգեցրեց Յուտա
նահանգում նախագծի ձախողմանը։ Դեռևս նախապատրաստական փուլում արժեքը 1.5 անգամ աճել է, իսկ նախատեսված էներգիայի արտադրության գինը մեգավատտ-ժամի համար 58 դոլարից բարձրացել է մինչև 89 դոլար, ինչը հանգեցրել է դրա փակմանը 2023 թվականին»,- բացատրել է նա։
Ռուսական կողմից առաջարկների մասին հարցին
Շոյգուն պատասխանել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է
ատոմային էներգիայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Նա ընդգծել է, որ
«Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտերկրում ԱԷԿ-ների կառուցման նախագծերի
թվով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի եզակի փորձ փոքր մոդուլային
ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտում։