Այս երկու հայտարարություններում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձայնն է հնչում, նրա մտածող օրգանում գեներացված նախադասությունները։ Բիզնեսմենը, ճիշտ է՝ ռուսերեն ակցենտով, բայց շատ հստակ, կարճ ու կոնկրետ ասում է՝ քաղաքականությունն իր տեղը չէ, դրանով թող զբաղվեն ուրիշները։ Հայտարարություններից մեկը Սամվել Տաշիրցին արել է 2021-ի աշնանը, մյուսը՝ 2024-ի գարնանը, ժամանակահատվածներ, երբ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ֆրոնտում լուսաբացները, կեսօրերն ու երեկոները խաղաղ չէին, պատերազմի ու իշխանափոխության ուրվականը շրջում էր փողոցներում՝ սպասելով, թե երբ է սահմանին լարվածություն գրանցվելու, երբ են հերթական կրակոցները հնչելու, որպեսզի միս ու արյուն ստանա՝ հեռացնի Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեով ընտրված իշխանությանը։ Սամվել Կարապետյանը փաստորեն այս տարեթվերին ու դրանց ինտերվալում ոչ մի ցանկություն չուներ մտնելու քաղաքական պայքարի մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ դա անելու բացահայտ կոչ ու հրավեր էր հնչեցվել իր բարերարությամբ նորոգված Մայր Աթոռի կողմից՝ ի դեմս Կտրիճ Ներսիսյանի։ Այդ նա՝ պետությունից անջատ ինստիտուտի ղեկավարն էր, հիշեցնենք, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ձայնակցելով քաղաքական ռևանշիստների խմբակին, պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետագայում էլ իր հանրային հայտարարություններում անժամանցելի համարում իր հիշյալ պահանջը։ Այդ նա էր, հիշեցնենք, որ օրհնել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու փողոց գործուղել իր արքեպիսկոպոսներից մեկին՝ սահմանազատման գործընթացը կանխելու պատրվակով վերապահանջելու «նեռի, չարիքի» հեռացումը։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է բոլորին։ Սամվել Կարապետյանն այդ օրերին, նկատենք, հեռավոր Մոսկվայում, սքեմավոր ու անսքեմ Բագրատ Գալստանյանների իշխանափոխական ճիգերին անհաղորդ, զբաղված էր այլ գործով՝ բիզնես-ֆորում էր կազմակերպում, համախմբում աշխարհի հայ բիզնեսմեններին, դրվատանքով արտահայտվում ՀՀ տնտեսական միջավայրի մասին, պնդում, որ ՀՀ իշխանությունները չեն խանգարում ՀՀ-ում ներդրումներ անելուն՝ այսպիսով օգնելով ու խրախուսելով գործարարներին, Հայաստանի տնտեսությունն էլ գնահատում էր, մեջբերենք՝ «շատ կայուն զարգացման վիճակում գտնվող տնտեսություն»՝ ընդգծելով՝ «ԵվրԱզԵս-ի երկրներից ամենաարագ զարգացող երկիրն ենք մենք այսօր»։
Իսկ ահա երեկ «Ուժեղ
Հայաստան» կոչվող «ընտանեկան խմբակի» շնորհանդեսի ժամանակ արհեստական բանականությամբ
գեներացված մի կերպար՝ Սամվել Կարապետյանի դեմքով, շարժվող բերանով ու ձայնով, հերքեց
գործարար Սամվել Կարապետյանին՝ ազդարարելով՝ մտնում է քաղաքական պայքարի մեջ։
Թե ամիսներ առաջ ինչը
կամ ով դրդեց Սամվել Տաշիրցուն փոշմանել, ինքնաթիռ նստել ու գործուղվել Հայաստան՝ եկեղեցու
պաշտպանի դիմակի տակ մտնելով քաղաքական պայքարի մեջ, կարելի է գուշակել։ Սամվել Կարապետյանը
պայքարի մեջ է մտել, ավելի ճիշտ՝ մտցվել, քանի որ պատերազմի ուրվականն այլևս կենսունակ
չէ՝ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, հարևան երկրի ձեռամբ Սյունիքը «պռախադնոյ
դվոռ» դարձնելու՝ «Զանգեզուրի միջանցք» ճեղքելու ռազմավարական դաշնակցի դավադիր պլանն
ի քիչ է դարձել։ Սյունիքն այլևս ոչ թե տագնապահարույց, հարահաս պատերազմի հետ ասոցացվող տարածք է, այլ
ԹՐԻՓՓ-ի, հուսալի ու ապահովագրված ներդրումների, կայուն անվտանգության, զարգացման,
Հայաստանին խոստացող լավ ապագայի սիմվոլը։ Հայաստանն այլևս ոչ թե իր ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ դատավճռի սպասող ֆորպոստ է, այլ ԵՄ-ին
անդամակցել հավակնող, ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները խորացրած ու խորացնող
անկախ պետություն։ Սամվել Կարապետյանը մտել է քաղաքական պայքարի մեջ, փափագում է վարչապետ
դառնալ, որպեսզի իրագործի իր՝ մոսկվաբնակ հայրենակցուհի Մարգարիտա Սիմոնյանի՝ 44-օրյա
պատերազմի օրերին արած ցինիկ կանխատեսումը՝ «Հայաստանը կամ դատապարտված է վերադառնալ
ՌԴ, կամ դատապարտված է»։ Վատ լուր ունենք ռուսահպատակություն
ընդունած մեր հայրենակիցների համար՝ Հայաստանի
«ֆորպոստացումն» ու «պլացդարմացումը» դատապարտված են ձախողման։ Ճիշտ այնպես,
ինչպես Սահմանադրությունը սեփական քմահաճույքով փոխելով Հայաստանի վարչապետ կարգվելու Սամվել Տաշիրցու հյուսիսային
մոխրագույն ամբիցիաները։
Հեղինե Մանուկյան