Իտալիայում տղամարդը պատահմամբ աղբաման է նետել 120 հազար եվրո արժողությամբ ոսկի

Իտալիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. 57-ամյա մի տղամարդ սխալմամբ աղբամանն է նետել այն տուփը, որի մեջ եղել է երկու տասնյակ ոսկու սալիկ։ Այս մասին հայտնում է RMF24ռադիոկայանը։


«Միջադեպը գրանցվել է Լեչե նահանգի Տորե Լապիլո բնակավայրում։ 57-ամյա տեղաբնակը պատահաբար աղբարկղն է նետել թիթեղյա տարան, որի մեջ եղել է 20 կտոր ոսկի», — նշված է հաղորդագրության մեջ։


Ըստ տեղեկությունների՝ տղամարդը երկար տարիներ ներդրումներ է կատարել թանկարժեք մետաղի մեջ՝ կուտակելով 120 000 եվրոյի (մոտ 52 միլիոն դրամ) կապիտալ։ Իտալացին կորուստը նկատել է միայն մեկ օր անց, ինչից հետո անմիջապես կապ է հաստատել իրավապահ մարմինների հետ։


Ոստիկանները պարզել են, որ աղբարկղերի պարունակությունն արդեն տեղափոխվել է Ուջենտոյի աղբավայր։ Այնտեղ կազմակերպվել է որոնողական գործողություն, որն ավարտվել է հաջողությամբ. ոսկու սալիկներով տարան հաջողվել է գտնել։