Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-18-ին

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակը:


Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում, սակայն կողմերը չեն բացահայտել հանդիպման վայրի փոփոխության պատճառը։


Ռուսաստանը նաև փոխել է իր պատվիրակության ղեկավարին: Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այն կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Վերջինս ռուսական պատվիրակությունը գլխավորել էր նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցյալ գարնանը Ստամբուլում կայացած երկկողմ բանակցություններում։


Աբու Դաբիում եռակողմ նախորդ երկու հանդիպումներին ռուսական պատվիրակությունը գլխավորել էր Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։


Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ կմասնակցեն բանակցություններին։ Ուկրաինական պատվիրակությունը, ինչպես նախկինում, կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։


Ուկրաինական պատվիրակության կազմը կմնա անփոփոխ. բանակցություններին կմասնակցեն նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովն ու նրա տեղակալը՝ Սերգեյ Կիսլիցյան, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ «Խումբը ձևավորվել է՝ հաշվի առնելով գործընթացի ռազմական, քաղաքական և անվտանգության ասպեկտները»,- սոցցանցում գրել է Ումերովը։


Բանակցությունների գլխավոր՝ տարածքային զիջումների հարցը մնում է չլուծված: Աբու Դաբիում երկրորդ հանդիպումից հետո տեղի էր ունեցել գերիների փոխանակում՝ առաջինը վերջին հինգ ամսվա ընթացքում: