Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ադրբեջանի դեսպանատանը միտումնավոր հարվածելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ նպատակային հարձակումներ իրականացնելու մեջ։


Ալիևը հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանության գնդակոծությունը Բաքուն դիտարկում է որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների թիրախ են դարձել ոչ միայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Ուկրաինայում գործող ադրբեջանական ընկերություններին պատկանող էներգետիկ օբյեկտները։


Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս թեման անձամբ բարձրացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում, Ալիևը նշել է, որ խնդիրը բազմիցս քննարկվել է երկու երկրների պաշտոնյաների միջև՝ ինչպես արտգործնախարարությունների, այնպես էլ նախագահական վարչակազմերի մակարդակով։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության ուղղությամբ երեք անգամ հարված է հասցվել։


Ալիևը նշել է, որ Բաքուն այդ գործողությունները դիտարկում է որպես կանխամտածված հարձակում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել հատուկ հայտարարություններով, հրավիրել է Ռուսաստանի դեսպանին և հղել դիվանագիտական նոտա։


Միաժամանակ՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն գործում է բացառապես դիվանագիտական մեթոդներով։