Իրական դե՞պք, թե՞ պարզունակ մանիպուլյացիա. «Մարիամ Իսրայելյան» անունով ԱԳՆ դիմորդ չի եղել

Վերջերս համացանցում տարածվեց առաջին հայացքից հերթական թվացող մի գրառում: Թեև դրանում որևէ ուղիղ հիշատակում չկա ԱԳՆ կամ Դիվանագիտական դպրոցի մասին, գրառման մեջ դիվանագիտական ծառայությանն անորոշ հղումներն ու ենթատեքստն ակամա կամ միտումնավոր ասոցացվել են հենց ՀՀ ԱԳՆ և դիվանագիտական ծառայության հետ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։


 

«Այսպես, ֆեյսբուքյան հարթակում «Մարիամ Իսրայելյան» օգտահաշվի գրառումից թյուր տպավորություն է ստեղծվել, թե նշված օգտատերը դիվանագիտական ծառայության անցնելու ինչ-որ ընդունելության քննության ժամանակ, իր պնդմամբ հավատարիմ մնալով ամուր հայրենասիրական տեսակետին, հրաժարվել է ընդունել քննող հանձնաժողովի կողմից արվող հակառակ պնդումը, ինչի հետևանքով «անբավարար» գնահատական է ստացել և չի ընդունվել: Համապատասխանաբար, ըստ արված գրառման, երիտասարդ աղջիկն իբրև թե արժանապատվորեն հրաժարվել կամ զրկվել է դիվանագիտական ծառայության շարքերը համալրելու հնարավորությունից:


 

Նշյալ գրառումը ֆեյսբուքյան տիրույթում թե՛ կեղծ, թե՛ իրական օգտահաշիվներով տարածվեց սրտառուչ, «հայրենասիրական» մեկնաբանությունների հեղեղով. «Սա է իսկական հայի տեսակը», «Հրաշք հայուհի՝ գեղեցիկ ոչ միայն տեսքով այլ հոգով ու էությամբ արժանապատիվ», «Ազգը գոյատևել է այսպիսի նվիրյալների շնորհիվ», «Իրական ու իսկական Հայուհի» և այլն:

 

Ի՞նչ պարզվեց իրականում. դիվանագիտական ծառայությունը համալրելու համար գործող երկու մեխանիզմների՝ Դիվանագիտական դպրոցի խողովակով և ԱԳՆ արտաքին մրցույթի շրջանակներում, առնվազն 2020 թվականից ի վեր, «Մարիամ Իսրայելյան» անուն-ազգանունով դիմորդ պարզապես չի եղել:


 

Գրառումը տեսնողների շրջանում պետք է որ հավելյալ զգուշավորություն առաջացներ այն հանգամանքը, որ գրառման հետ տեղադրված նկարը նկատելիորեն առնվազն մշակվել է արհեստական բանականությամբ: Փոխարենը, ոմանք միամտորեն խաբվել են, իսկ որոշակի շրջանակներ միտումնավոր օգտագործել են զգայուն թեման՝ փորձելով սլաքներն ուղղել դեպի ԱԳՆ, ապատեղեկատվության և պարզ մանիպուլյացիայի միջոցով շարունակել տարածել իրենց կեղծ-հայրենասիրական քարոզչությունը:


 

Հաշվի առնելով այս բացահայտ օրինակը՝ կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին և ԶԼՄ գործընկերներին.


 

ճշտել տեղեկատվությունը և զերծ մնալ չստուգված պնդումներից, նման հեշտությամբ չտարածել կասկածելի բովանդակությամբ գրառումներ,

  • չտրվել մանիպուլյացիաների,
  • չմանիպուլացնել. դա հեշտությամբ բացահայտվում է և չեզոքացվում»,- նշված է գրառման մեջ: