«Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության և ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող»։ Դառը քմծիծաղ հարուցող այս մտքի հեղինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, այո, այո, «շողուլից», եթե կուզեք՝ «թարազուից», կամ էլ՝ քաշից, հալից, կլասսից, տեսքից և այլ հատկություններից ընկած ընդդիմության ներկայացուցիչը։ Ընդդիմություն, որի օրակարգը անցած մոտ 5 տարիների ընթացքում այն աստիճան է շողուլից ընկել ու հալումաշ եղել, որ միակ ասելիքն ու անելիքը մնացել է քրեական տարբեր հոդվածներով հետապնդվողներին քաղբանտարկյալ սարքելն ու նրանց իրավունքների համար ԱԺ-ում հայտարարության նախագծեր երկնելը, մեկումեջ էլ ակցիաներ անելը՝ տարբեր դեսպանատների առաջ՝ բացառությամբ, իհարկե, ՌԴ-ի։ Հա, ու մեկ էլ այդ նույն ՌԴ-ի՝ իրենց արտաքին հովանավորի կողմից 2023-ին հանձնված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը շահարկելը՝ ՀՀ իշխանությանը մեղադրելով գերիների վերադարձի հարցով ոչինչ չանելու մեջ։ Հա, չմոռանանք նաև «պարապ վախտի խաղալիքի»՝ «իմպիչմենթ»-ի մասին, որը ժամանակ առ ժամանակ Աշոտյանի կուսակից պատգամավորները բերում են «մեյդան», «գցում ոտքներին» ՝ չկարողանալով անգամ այն ԱԺ նիստերի դահլիճ հասցնել ու․․․․վերադառնում իրենց տխուր, դատարկ առօրյային։
Արդ, «շողուլից ընկնելու» ու
«ինքնիշխանության» մասին մի քանի դիտարկում։ Արմեն Աշոտյանը կարկառուն
ներկայացուցիչն է այն նախկին իշխանության, որը հետևողականորեն վաճառել է Հայաստանի
ինքնիշխանությունը՝ համակերպվելով ֆորպոստի
իր կարգավիճակի հետ։ Չենք հոգնի ևս մեկ
անգամ կրկնել, վերակրկնել ու կրկին հիշեցնել հայտնի դրվագի մասին Սերժ Սարգսյանի
իշխանության օրոք չէ՞ր, որ ՀՀ-ն կատարեց իր «ինքնիշխան» որոշումը՝ «մեկ գիշերվա»
մեջ կատարելով իր «ճակատագրական շրջադարձը»
դեպի Մաքսային միություն։ 2013-ի
մարտի 18-ին Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով
այն մտահոգություններին, թե ՌԴ-ն կարող է ՀՀ-ին պարտադրել մաս կազմել Մաքսային,
հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը, ազդարարեց․ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները
մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի
անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»: Ամիսներ անց՝ 2013-ի սեպտեմբերի
3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ նույն՝ «ճնշման չենթարկվող» Սերժ
Սարգսյանն արդեն ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում: Հետագայում Սերժ
Սարգսյանը անուղղակիորեն խոստովանեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է
«մեկ գիշերում»՝ Մոսկվայում, իսկ որոշ ժամանակ անց իրեն հատուկ ոճով հերքեց ՀՀ-ին
ստիպողաբար ԵԱՏՄ քարշ տալու մասին պնդումները՝ դրանք անվանելով «անհիմն և պարզապես
ծիծաղելի»:
2013 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին
հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարեց, որ Մաքսային
միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի
ճնշման ներքո: «Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի
ճնշման ներքո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի
պատճառով: Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում
կայացնելու համար»,- ասել էր գերմանացի խորհրդարանականը:
Առաջ անցնելով՝ նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան
գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը
ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ԵՄ Ասոցացման
համաձայնագրի կնքումը, այսպիսով, դարձավ անհնարին, քանի որ երկիրը չի կարող
միաժամանակ գտնվել երկու մաքսային և առևտրային գոտիներում:
Սա էր Սերժ Սարգսյանի «շողուլի բերած»
արտաքին քաղաքականությունը, այսպիսի՞ն էր Աշոտյանի քաղաքական պատրոնի ղեկավարած ինքնիշխան ու անկախ Հայաստանը։ Եթե սա էր, ապա ի
դեմս ՀՀԿ-ի ու Աշոտյանի՝ ունենք ոչ միայն բանականության, այլև բարոյականության շողուլից
ընկած սուբյեկտների հետ։
Ե․Ա․