Մեծ Բրիտանիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարող են արգելել սոցիալական ցանցերից օգտվել։ Այս մասին գրում The Times-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրին։ Սահմանափակումը կարող է ուժի մեջ մտնել արդեն այս տարի։
Ծրագրվում է սահմանափակել արհեստական բանականությամբ աշխատող բոտերի կիրառումը, սահմանել հեռախոսներից օգտվելու ժամային սահմանափակումներ կամ արգելել «կախվածություն առաջացնող գործառույթները», ինչպիսիք են կարճ տեսանյութերի դիտումն ու անվերջ պտտվող լրահոսը (infinite scroll)։
Բացի այդ, արգելքի տակ կարող է հայտնվել նաև մուտքը վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN), որոնք «կարող են օգտագործվել պոռնոգրաֆիայի ապօրինի դիտման համար»։
2025 թվականի վերջից մի շարք երկրների իշխանություններ հայտարարում են դեռահասների համար համացանցից օգտվելու սահմանափակումների հնարավորության մասին։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նմանատիպ օրենք ընդունվեց Ավստրալիայում. այն դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրենսդրորեն արգելեց մինչև 16 տարեկան օգտատերերի մուտքը սոցիալական ցանցեր։ Օրենքը պարտավորեցնում է 10 խոշորագույն հարթակներին արգելափակել անչափահասներին, իսկ խախտման համար սպառնում է տուգանք մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարի չափով։
Այս տարվա հունվարի 21-ին Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը նույնպես մշակել է օրինագծեր, որոնք սահմանափակում են մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր։ Իսկ փետրվարի 9-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պաշտպանել է մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը։
Հայաստանում նույնպես նախատեսվում է օրենքով արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր։ Այս նոր նախագծի մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարը։ Նպատակը երեխաների անվտանգությունն է համացանցում։