Քոչարյանի անունը տալիս՝ հայհոյում են, Տաշիր Սամոյին էլ ասում են՝ ռաշիստանից հերթական գաստրալյոր է եկել

Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Սակայն երեկ այդ ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։  Այս ուժը փորձելու է Սահմանադրության խախտմամբ, երեք երկրի անձնագրով մարդուն դարձնել ՀՀ վարչապետ:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։


«Հայաստանում այնքան է եղել նման բան, որ հերթականն էլ կարող է  լինել՝ դա ընդհանրապես, բայց կոնկրետ՝ իրենք դա նկատի չունեն, մտածում են ԱԺ-ում որակյալ մեծամասնություն կազմեն, որից հետո սահմանադրական փոփոխություններ անեն և հասնեն էնտեղ, որտեղ ուզում են։ Հետևապես այդ սահմանադրական խոչընդոտը հաղթահարեն էդ կերպ։ Բայց հարցն այն է՝ հնարավո՞ր է ունենալ այդպիսի որակյալ մեծամասնություն, թե՞ չէ։ Եթե ունեցան՝ կարող են անել»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Նրա խոսքով՝ եթե մենք պետության շահը նկատի ունենանք, նաև մեր ժողովրդի ներկան ու ապագան, ապա բոլոր միջոցներն էլ արդարացի են՝ կասեցնելու համար վերոնշյալ գործընթացը։ Նա նշեց, որ այս հարցերի հետ չի կարելի խաղալ, մանավանդ, պետությունները կայանում են դաժան ճանապարհ անցնելու պայքարի արդյունքում։


«Ինձ թվում է՝ Սամվել Կարապետյանն ուզում է քաղհալածյալի կարգավիճակ ունենալ, որ իրեն չեն թողնում և այլն, ոչ թե հաղթեն։ Ո՞նց կհաղթեն։ Երեկ ես վերադարձել եմ իմ հերթական շրջայցից՝  Արթիկից։ Իրենք տեղյակ են՝ իրենց մասին ինչ են խոսում։ Քոչարյանի անունը տալիս՝ հայհոյում են և մարդասպան են ասում, նա գոյություն չունի։ Իսկ սրա մասին  էլ ասում են՝ ռաշիստանից հերթական գաստրալյոր է եկել»,- հավելեց Լևոն Շիրինյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան