Բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա գրել է, որ գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով հայտնի կդառնա դատական նիստի օրը։ 

«Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը։ Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանին մի գործով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականին՝ սեպտեմբեր ամսին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, իր «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում կատարել է առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հրապարակում։

Իսկ մեկ այլ գործով Արմինե Ադիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա՝ անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է հասարակական գործունեությամբ զբաղվող մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձանց վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։