Սամվել Կարապետյանը շատ ավելի վատն է․ պետք է կանխել այդ վտանգավոր սցենարը

Հույսը չեմ կորցնում, որ ԿԸՀ-ն իր գնահատականը կտա, և պրոռուսական ուժերը դուրս կմղվեն քաղաքական դաշտից և չեն մասնակցի ընտրություններին, մանավանդ այդ ուժերը մաս են կազմում իշխանության զավթմանը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Առնոլդ Բլեյանը։

 

Բլեյանի խոսքով՝ այդ ուժերը մեծ հավանականություն ունեն օկուպացնելու իշխանության ընդդիմադիր դաշտը, որը հղի է վատ հետևանքներով. «Հայաստանին օդ ու ջրի պես պետք է ընդդիմափոխություն, որովհետև իշխանությունը չի կարող լինել շատ լավ, եթե չունի լավ ընդդիմություն, իշխանությանը պետք է ընդդիմություն, որը կստիպի իշխանությանը գործել հանուն ՀՀ-ի։ 2021-ից ի վեր ունենք մի ընդդիմություն, որը երազում է, որ իշխանությունը սխալվի, որ լինի որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար. սա անտրամաբանական է։ Նրանք ընդդիմություն են պետության ու պետականության զարգացմանը։ Ես դրա հետ հեշտ չեմ»։

 

Բլեյանը նաև հայտնեց, որ միջազգային գործընկերները նայում են մեր ընդդիմությանը և ասում ՝ ձեր ընդդիմությունը այլընտրանքային իշխանություն է, որը ուզում է միութենական պետություն կազմել Բելառուսի և Ռուսաստանի հետ «Այս մարդկանց համար պետության և պետության ղեկավարի բաղձալի մակարդակը Ալեքսանդր Լուկաշենկոն է, որը միջազգային հանրության կողմից չի ճանաչվում»։

 

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին, Բլեյանը հիշեցրեց «Իսկ ուր էր Արմեն Աշտոտյանը, երբ Գյումրու ընտրությունների ժամանակ «Եդինայա Ռոսիա»-ն սատարում էր Վարդանիկին և Թևանյանին, իսկ ինչու էր լռում այն ժամանակ։ Նա իր անձնական կարծիքն է հայտնել»։