«Մարդիկ երբեք չեն ների ոչ ինձ, ոչ ԱՄՆ-ին». Զելենսկին՝ Դոնեցկի մարզը ՌԴ-ին հանձնելու մասին

Ուկրաինայի բնակիչները չեն ընդունի խաղաղության համաձայնագիր, որի պայմանը պետք է լինի Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի մարզից և այդ տարածաշրջանի փոխանցումը Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։


«Էմոցիոնալ առումով մարդիկ երբեք չեն ների սա։ Երբեք։ Նրանք չեն ների... ինձ, նրանք չեն ների [Միացյալ Նահանգներին]»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ուկրաինացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից պահանջում զիջել լրացուցիչ հողեր. «Սա մեր երկրի մի մասն է, բոլոր այս քաղաքացիները, դրոշը, հողը»։


Զելենսկու կարծիքով՝ Ուկրաինայի բնակիչները կարող են ընդունել համաձայնագիր, որը կենթադրի Դոնբասի առաջնագծի սառեցում։ «Եթե մենք փաստաթղթում ընդգրկենք կետ այն մասին, որ մենք կպահպանենք առկա շփման գիծը, ապա կարծում եմ, որ ժողովուրդը կաջակցի դրան հանրաքվեի ժամանակ։ Սա իմ կարծիքն է»,- ասել է նա։


«Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի նույն հեռավորության վրա. սրանք են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պայմանները»,- ասել է Զելենսկին։


Ուկրաինայի նախագահը իր թիմին հանձնարարել է հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ տարածքային հարցերում բեկման հասնելու համար: