Ռուսաստանի երկաթուղային օպերատորը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունները։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին
առաջարկել էր վաճառել երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ
երկրի։ ՀՀ վարչապետը կարծում է, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների
պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է ազդում
նրա մրցունակության վրա։
Զախարովայի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները
տարօրինակ են և «քիչ ընդունելի»։
«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ
բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման։ Եվ դրա համար
շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ
եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարվում
է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից ավելի քան 20 տարի։
«Այդ ընթացքում այն ոչ միայն ստաբիլ կատարում է
կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև (գուցե Երևանում մոռացել են դա) զգալի
միջոցներ է ներդրել, ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, որոնք
(պետք է ճշտել հենց ընկերության հետ), որքանով ես հասկանում եմ, դեռևս ծախսը չեն հանել։
Այն ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես արժե, որ հաշվի առնեն նրանք,
ովքեր ցանկանում են արտահայտվել այս հարցի մասին Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի
կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում
է դրանք»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղու
երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի խնդրանքին, որը Հայաստանը դուրս կբերի
դեպի Թուրքիա և Ադրբեջան, փետրվարի 12-ին ներկայացրել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մոսկվան հենց դրան է մտադիր հակված մնալ: