ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։
Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 5-ին դատախազությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
«Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով:
Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,-նշել էին դատախազությունից։