Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա

Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


Նա նշել է, որ այսօր որոշում է կայացվել դադարեցնել դիզելային վառելիքի առաքումները Ուկրաինա։ Նախարարն ընդգծել է, որ այս որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել նավթի մատակարարումները Հունգարիա «Դրուժբա» նավթամուղով։ Նա տեղի ունեցածի համար մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ըստ Սիյարտոյի՝ չնայած նրան, որ Հունգարիան կարևոր դեր է խաղում Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, Կիևը գիտակցաբար վտանգի տակ է դնում Բուդապեշտի էներգամատակարարումը։


ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինա ներկրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի և դիզելային վառելիքի զգալի մասը ստացվում է կա՛մ Հունգարիայից, կա՛մ նրա տարածքով անցնող էներգետիկ ենթակառուցվածքների միջոցով. «Ոչ ոք չի կարող մեզնից ակնկալել այլ երկրի էներգետիկ անվտանգության երաշխիքներ, երբ վտանգված է մեր սեփական մատակարարումը։ Էներգետիկ համագործակցությունը պետք է լինի փոխադարձ և հիմնված լինի հարգանքի, այլ ոչ թե ճնշումների վրա»։


Հարկ է նշել, որ երկու օր առաջ դադարեցվել էին նավթի մատակարարումները Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» նավթամուղով։