ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն սկսելու հավանականությունը 90% է, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։
«Բոսին դա սկսում է հոգնեցնել։ Նրա շրջապատում որոշ մարդիկ նախազգուշացնում են, որ Իրանի հետ պատերազմ չսկսի, սակայն կարծում եմ՝ 90% հավանականություն կա, որ մենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ականատես կդառնանք», – մեջբերում է պորտալը խորհրդականի խոսքերը, որի անունը չի նշվում։
Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել «ավելի շուտ և ավելի մեծ մասշտաբով», քան շատերը կարծում են։
Պորտալի աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունը, հավանաբար, կլինի Իսրայելի հետ համատեղ։
«ԱՄՆ ռազմական գործողությունն Իրանում կարող է լայնածավալ արշավ լինել և շաբաթներ տևել։ Այն ավելի շատ նման կլինի լիարժեք պատերազմի, քան Վենեսուելայում անցյալ ամիս տեղի ունեցած թիրախային գործողությունն էր», – պատմել են պարբերականի աղբյուրները։
Հեղինակը կարծում է, որ գործարքն (միջուկային ծրագրի վերաբերյալ) այժմ անհավանական է թվում։
Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները Իսրայելում պնդում են, որ իրենց իշխանությունները մի քանի օր տևող գործողության սցենար են նախապատրաստում։