«Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ից թաքցրել են իրենց միջուկային ծրագրի մի մասը կամ դրա նպատակները», — հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա նշել է, որ այս պահին չկան ուղղակի ապացույցներ այն մասին, որ Իրանը միջուկային զենք է արտադրում։
Այնուամենայնիվ, երկրի տարածքում իրականացված ստուգումների ժամանակ փորձագետները հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերել այնպիսի վայրերում, որոնք կապված չեն միջուկային ծրագրի հետ։
«Մենք մուտք ենք ունեցել որոշ օբյեկտներ։ Այդուհանդերձ, մենք հարստացված ուրանի հետքեր ենք տեսել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն չունեցող վայրերում։ Իհարկե, ինչ-որ բան թաքցվել է», — ասել է Գրոսին «Foreign Policy»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ սա մատնանշում է, որ Թեհրանը ինչ-որ բան է քողարկել։ ՄԱԳԱՏԷ-ն կարծում է, որ Իրանի տարածքում կարող է գտնվել մինչև 60% հարստացված շուրջ 440 կգ ուրան։