Գյուլագարակի անտառապետի տան բակում հայտնաբերվել են փայտանյութով բեռնատարներ. նա ձերբակալվել է

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Նրանք փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակի անտառպետության անտառապետի տան բակում կայանված երկու «ԳԱԶ -53» բեռնատարները բեռնված են ապօրինի փայտանյութով։


 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրականացված ուսումնասիրության արդյունքում անտառպետության տարածքում հայտնաբերվել է 5 խմ վառելափայտ, ինչի վերաբերյալ 46-ամյա տղամարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։


 

«Նրա տան բակում կայանված բեռնատարների թափքում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 6 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութ, որոնց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել բեռնատարների թափքում առկա փայտանյութի ծավալին և տեսակին։


 

Անտառապետը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում: